Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ելքը» չպիտի ասի` «Ծառուկյանը» ընդդիմությու՞ն է, թե՞ ոչ»

«Ելքը» չպիտի ասի` «Ծառուկյանը» ընդդիմությու՞ն է, թե՞ ոչ»
10.11.2017 | 10:22

Օրերս «Ելք» դաշինքի ներկայացուցիչները ԵԽԽՎ-ի պատվիրակների հետ հանդիպման ժամանակ ներկայացել են որպես խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ: Առաջին անգամ չէ, որ խորհրդարանական ընդդիմադիրները միմյանց մեղադրում են ընդդիմություն չլինելու մեջ: «Ծառուկյան» դաշինքի անդամ ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԻ հետ այս թեմայի շուրջ զրուցում էինք, երբ մեզ միացավ նրա կուսակից ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:


-Պարոն Ազիզյան, Ձեր ընդդիմադիր գործընկերները կասկածանքով են վերաբերվում «Ծառուկյան» խմբակցության ընդդիմադիր լինելուն:
-Էդ ո՞վ է կասկածում, «Ե՞լքը»: Ով իշխանություն չէ, ընդդիմություն է: Կապ չունի, թե «Ելքը» ինչ է ասում: Դա նույնն է, որ ես էլ ասեմ, թե «Ելքն» ընդդիմություն չէ: Էդպիսի բան ո՞վ իրավունք ունի ասելու:
-Չե՞ք կարծում, որ «Ծառուկյան» խմբակցությունն ընկալվում է «պահեստային» ընդդիմություն, այսինքն, երբ պետք է` գործի է դրվում, երբ պետք է` «մարաղ» է մտնում:
-Ոչ, այդպես չէ, «Ծառուկյան» դաշինքն ընտրություններին գնացել է որպես ընդդիմադիր ուժ, քվեները ստացել է որպես ընդդիմություն:
-Բայց ընդդիմությունը «կոչումով» չի որոշվում, այլ գործելակերպով:
-Պատգամավորի աշխատանքը գնահատվում է նրա քվեարկություններով: Նայեք մեր քվեարկությունները, տեսեք, թե ինչքան բաների ենք դեմ: Մնացածը ավելորդ, դատարկ խոսակցություններ են:
-Ձեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իշխանության վերին էշելոնի հետ միշտ ջերմ հարաբերությունների մեջ է: Այդպիսի ընդդիմություն լինու՞մ է:
-Ծառուկյանն ամբողջ աշխարհի վերին էշելոնների հետ ջերմ հարաբերությունների մեջ է: Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունը չի կարող լավ հարաբերությունների մեջ լինել, հո թշնամի չե՞ն: Ընդդիմադիրներն էլ, իշխանականներն էլ նույն գործն են անում, ուղղակի քաղաքական կյանքի, տնտեսության զարգացման այլ տեսլականներ ունեն:
-Ինչու՞ դուք հասցեական չեք քննադատում, երկրի այսօրվա վիճակի համար մեղավորներին չեք մատնանշում:


ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Քննադատում ենք շատ սուր: Քննադատում ենք կառավարությանը, որի ղեկավարը ՀՀԿ-ի անդամ է: Հիմա հո չե՞նք ասի` էսինչյան-էսինչ, անհարմար է: Կոնկրետ անձի հասցեին ինչ-որ մեղադրանք հնչեցնելու համար հարկավոր է կոնկրետ արարք: Մենք ոչ թե կոնկրետ արարքների վերլուծությամբ ենք զբաղված, այլ երկրի վիճակով ենք մտահոգ, ինչի պատասխանատվությունը սահմանադրությամբ կրում է կառավարությունը: «Ելքը» չպիտի ասի` մենք ընդդիմությու՞ն ենք, թե՞ ոչ: Նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք ասել, թե միակ ընդդիմությունը մենք ենք, բայց թիվ մեկ ընդդիմություն հորջորջվելու որևէ մանիայով չենք տառապում: Ի՞նչ է, կառավարության բոլոր նախագծերին դե՞մ քվեարկեինք: «Ելքն» էլ բոլորին դեմ չի քվեարկում: Շատ նախագծերի «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը միանման են քվեարկում: Հիմա ինչի՞ց որոշեցին, որ իրենք ընդդիմություն են, իսկ մենք` ոչ:
-Կարծում եք, խորհրդարանում ձեր համագործակցությունը ստացվու՞մ է:
-Մեր համագործակցությունը բոլորի հետ էլ ստացվում է: Չկա քաղաքական մի ուժ, որի հետ «Ծառուկյան» դաշինքը առողջ համագործակցության պատրաստակամություն չունենա` լինի ընդդիմադիր, թե իշխանական ուժ:
ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆ - Ովքեր ասում են, թե «Ծառուկյանը» ընդդիմություն չէ, նրանց համար լավ խոսք կա` լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Այսինքն, իրենք ընդդիմադիր չեն, ուզում են սկզբից իրենք ասեն, որ հետո իրենց մասին չասեն: Իսկ նման հայտարարություն անողների մասին ավելի շատ են ասում, որ ընդդիմադիր չեն, քան մեր:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ